October 24, 2020

ԵՂԻՍԱԲԵԹ

Զգաց­մուն­քը չես կա­րող պա­հա­ծո դարձ­նել, այն կա՛մ մեռ­նում է, կա՛մ զար­գա­նում քո մեջ:
Ձի­գա Վեր­տով

Մեր տան շքա­մուտ­քում կի­սա­խա­վար էր: Այն ար­տա­սո­վոր լույ­սով էր լց­վում, երբ պայ­ծառ արևի շո­ղե­րի ներ­քո ներս էր մտ­նում Ադի­բու­դի պա­պի­կը: Դեմ­քը շատ աղոտ եմ հիշ­ում: Մի­այն ճեր­մակ մա­զե­րը, լու­սա­վոր աչ­քե­րը, խո­րը կն­ճիռ­նե­րը` փա­փուկ այ­տե­րին, փոք­րիկ ամուր մար­մի­նը: Առա­ջինն էի վա­զում նրա մոտ. «Ադի­բու­դի պա­պիկն եկավ» ու գր­կա­խառն­վում: Նրա­նից հա­րա­զատ պա­պի­կի հոտ էի առ­նում, հա­մեմ­ված մի քիչ խն­կի, և մի քիչ էլ վա­ռած ձե­թի բուր­մուն­քով: Նա ձեռ­քը տա­նում էր իր մի­ակ բաճ­կո­նի գր­պա­նը, հրաշ­ա­գոր­ծի շար­ժու­մով դուրս բե­րում իմ ադի­բու­դի­նե­րը, ճեր­մակ ու պու­տա­վոր շա­քա­րե կոն­ֆետ­ներն ու նույն­քան անուշ խոս­քե­րով էդ բո­լո­րը լց­նում իմ գր­պան­նե­րը, տե­ղա­վո­րում ափե­րիս մեջ: Ձայ­նը տա­րօ­րի­նակ բա­րակ էր, ծվծ­վուն: Երևի պատ­ճա­ռը իմ ման­կա­կան երևակա­յու­թյունն էր, որ ստի­պում էր կար­ծել, թե նա` Ադի­բու­դի պա­պի­կը, ինչ որ հե­քի­ա­թի հե­րոս է, ով հի­մա կր­կին այ­ցե­լել է ինձ, ու որ բո­լո­րից շատ ինձ է սի­րում: Դրա­նից էլ հա­ճե­լի բա՞ն երեք տա­րե­կան երե­խա­յի հա­մար…


Եղի­սա­բե­թը հե­լու­նի ծայ­րով քե­րեց ծա­ռի կեղևի խոշ­որ կա­թի­լի նման խե­ժը: «Ծի­րա­նե­նու­նը ամե­նա­հա­մովն է». մտա­ծեց նա: Ծա­մում էր և նա­յում կեղևի վրա­յով արագ­-ա­րագ ետ ու առաջ վա­զող մրջ­յուն­նե­րին: Բե­րա­նում թու­քը թանձ­րա­ցավ: Ծա­ռը կնճ­ռոտ էր:

-Ե­ղո՜, Եղո՜, ի՜մ աղ­ջիկ:

Մայ­րը ան­հաս­կա­նա­լի շար­ժում­նե­րով վա­զեց դե­պի աղ­ջի­կը, եր­կու ձեռ­քով ճմ­ռում էր շո­րի փեշն ու վա­խե­ցած հա­յաց­քով զն­նում Եղի­սա­բե­թի բա­րա­լիկ մար­մի­նը: Կար­ծես նոր նկա­տեց, որ իր Եղոն ձևավոր­վում է, թե­պետ տա­տը երկ­րորդ տա­րին է, ինչ ստի­պում էր Եղո­յին եր­կար ու նեղ կտո­րով ձիգ կա­պել մեջ­քը:


Տա­տիկս ան­կող­նում նս­տած սան­րեց և հյու­սեց մա­զե­րը, խնամ­քով կա­պեց սև, հե­տո կա­նաչ գլ­խա­շո­րը, ուղ­ղեց բարձն ու նո­րից պառ­կեց: Հա­յաց­քը լու­սա­մու­տից չէր կտ­րում:

– Ան­նա, գնա պա­պա­յից մի պա­պի­րոս բեր:

Այդ գոր­ծո­ղու­թյու­նը բնազ­դա­բար էի կա­տա­րում, ին­չը ինձ դարձ­նում էր շատ կարևոր ու մտե­րիմ մարդ Արեք­նազ տա­տի­կիս հա­մար: Հայ­րիկս եկավ տա­տի­կի սեն­յակ: Խոսակ­ցու­թյու­նից հաս­կա­ցա, որ պետք է գնանք փե­սա Հով­հան­նե­սիԱդի­բու­դի պա­պի­կի տուն. հի­վան­դա­ցել էր: Եր­կար մտա­ծե­լու բան չկար: Իհար­կե, եթե նրան նվի­րեմ իմ սի­րե­լի դե­ղին ուղ­ղա­թի­ռը կար­միր պտու­տակ­նե­րով, ան­պայ­ման կա­ռող­ջա­նա:

Ուղ­ղա­թի­ռը ձեռ­քիս ան­համ­բեր հետևում եմ հայ­րի­կիս սափր­ման փրփ­րա­կենտ­րոն արա­րո­ղու­թյա­նը:


Հով­հան­նեսն ու Կի­րա­կո­սը ար­դեն մեկ տա­րի էր, ինչ աշ­խա­տում էին Մեհ­մեդ էֆեն­դի­ի տա­նը: Կի­րա­կո­սը ավազն էր մա­ղում, երբ Մեհ­մեդ էֆեն­դին տախ­տա­կը հար­մա­րեց­նե­լով քա­րե­րին`վրան մի կուժ գի­նի դրեց: Նրանց մոտ հրա­վի­րեց, գո­վեց ար­ված աշ­խա­տան­քը: Հե­տո նո­րից եկավ ու խա­ղող բե­րեց: Նշեց, որ իս­կա­կան տղա­մար­դու աշ­խա­տանք են արել, գուշ­ա­կեց, որ Կի­րա­կո­սը մեծն է, քա­նի որ բե­ղե­րը սկ­սել են աճել: Երկ­րորդ բա­ժա­կից Կի­րա­կո­սի գլու­խը ծան­րա­ցավ, կո­պե­րը լց­վե­ցին: Հա­սավ, փռ­վեց մա­ղած ավա­զի վրա, ուր ար­դեն պառ­կել էր Հով­հան­նե­սը այժմ իր մի­ակ մնա­ցած եղ­բայ­րը: Երբ գյու­ղը կո­տո­րում էին, իրենք սա­րում էին, փրկ­վե­ցին: Ավա­զը դեռ տաք էր: Կի­րա­կո­սը նա­յեց արևին, որ նս­տել էր դի­մա­ցի տան կտու­րին և կար­միր խա­ղո­ղի գույն ու­ներ:

-Նա­զիկ, աղջ­կա երե­սը մուր արա:
-Ա­րել եմ:
-Չէ, մեղր քսի, նոր արա, վեր­քի նման կլի­նի:

Նա­զի­կը մա­տով կե­տեր նկա­րեց Եղո­յի այ­տե­րին և մուր քսեց: Եղի­սա­բե­թը լա­ցեց ու ար­ցունք­նե­րը նո­րից «դա­վա­ճա­նա­բար» տեղ-­տեղ երևակե­ցին նրա իրա­կան, ճեր­մակ ու թա­փան­ցիկ մաշ­կը: Աղ­մուկն ու սար­սա­փը մոտ էր: Մայ­րը եր­կու ձեռ­քով ճմ­ռեց շո­րի փեշ­ը: Ձայ­ներն ար­դեն դռան մոտ էին…

…Ե­ղի­սա­բե­թը ուշ­քի եկավ, երբ զգաց, որ քայ­լում է շր­ջա­պատ­ված լա­ցող ու ինչ-որ բան մրմն­ջա­ցող կա­նանց մեջ: Առջևում ոչինչ չէր տես­նում: Նա­յեց վեր: Արևը մայր էր մտ­նում: Այն ծա­ռի խե­ժի գույն ու­ներ: Սիր­տը ականջ­նե­րի մեջ զար­կում էր ու այն­տե­ղից ար­ձա­գան­քում` Յուզ­բաշ­ին հա­վա­նեց աղջ­կադ:


Ճա­նա­պար­հը հե­տաքր­քիր է և զվար­ճա­լի, երբ հայ­րի­կիդ գո­գին ես և ձեռ­քե­րով գր­կել ես նրան: Կա­րող ես գլուխդ դնել ու­սին, ու­սում­նա­սի­րել ական­ջը, եր­բեմն մա­տե­րով շոշ­ա­փել փա­փուկ, կար­միր, թա­փան­ցիկ բլ­թա­կը: Այդ ապա­հով բար­ձուն­քից նա­յում ես ըն­դա­ռաջ եկող մարդ­կանց, ով­քեր քեզ ժպ­տում են ու կար­ծես զար­մա­նում`»այս փոք­րիկ աղ­ջի­կը ինչ «մեծ ա», և հպար­տու­թյան զգա­ցում ես ապ­րում, երբ հա­վա­սար­վում են քեզ, ու դու նո­րից իրեն­ցից «բո­յով» ես: Հայ­րիկս, նկա­տե­լով իմ այդ խա­ղը, ավե­լի բարձր էր գր­կում, պինդ բռ­նում ոտ­քերս: Հե­տո մար­դիկ անց­նում էին, ես շրջ­վում էի ու տես­նում ան­տար­բեր հե­ռա­ցող գլուխ­նե­րը: Դրա­նից իմ ապա­հո­վու­թյան զգա­ցու­մը չէր պա­կա­սում, որով­հետև ու­զածս պա­հին կա­րող էի քիթս մտց­նել հայ­րի­կիս պա­րա­նո­ցի ու շա­պի­կի արան­քը ու եր­կար շն­չել հա­րա­զատ հո­տը, որին խառն­վել էին ծխա­խո­տի, օճա­ռի և ար­դու­կի բուր­մունք­նե­րը:


Կի­րա­կո­սին արթ­նաց­րեց եղ­բոր ճի­չը: Հի­մա նա մութ նկու­ղում էր, ուր պա­տու­հան չկար: Բաց­վեց դու­ռը և ծա­կող լույ­սը ներս թա­փան­ցեց: Հով­հան­նե­սին գր­կած ներս բե­րե­ցին, դեմքն ու շուր­թե­րը սպի­տա­կել էին, ձեռ­քերն ու մերկ ոտ­քե­րը դո­ղում էին: Վեր­նաշ­ա­պի­կը պատռ­ված էր, փո­րին շոր էին փա­թա­թել: Նա դո­ղա­ցող գլու­խը շր­ջեց դե­պի եղ­բայ­րը և ինչ-որ բան էր ու­զում ասել: Լե­զուն չէր են­թարկ­վում:

-Էս ինչ եք արել,- գո­ռաց Կի­րա­կո­սը, փոր­ձե­լով վեր կե­նալ տե­ղից: Բայց թթ­վի քա­րի նման ծանր զանգ­վա­ծը հար­վա­ծեց: Տղան ըն­կավ: Հով­հան­նե­սի գի­տակ­ցու­թյու­նը ական­ջի ֆս­սո­ցի ներ­քո թո­ղեց նրան ու թռավ: Թռավ այն տան կտու­րին, ուր ժա­մեր առաջ նս­տած էր խա­ղո­ղա­գույն արևը:


Յուզ­բաշ­ին առան­ձին վրա­նում էր պա­հում Եղի­սա­բե­թին, ամեն երե­կո այ­ցե­լում նրան ճոխ նվեր­նե­րով: Եղի­սա­բե­թը ամե­նից շատ սի­րում էր չիրն ու պո­պո­քը, բայց դրանք էլ լավ ծա­մե­լուց հե­տո դժ­վա­րու­թյամբ էր կուլ տա­լիս, կո­կոր­դից էլ խուլ ձայն էր դուրս գա­լիս: Տա­տի­կի տված բա­րակ, եր­կար մեջ­քին կա­պե­լու շորն էլ ար­դեն եր­կու տակ էր փա­թաթ­վում: Եղի­սա­բե­թը խնամ­քով այն ծա­լեց, համ­բու­րեց, դրա­նից դեռ գա­լիս էր իրենց տան սն­դու­կի հո­տը, նա­յեց իր փո­րին, սիր­տը պոր­տից մի քիչ վերև էր զար­կում: Յուզ­բաշ­ին սպա­սում էր: Եղի­սա­բե­թը սո­վո­րա­կա­նի պես փա­կեց աչ­քերն ու մտա­ծեց. «Այ, հի­մա նո­րից կմեռ­նեմ»… գի­տակ­ցու­թյու­նը սա­վառ­նեց վրա­նի կենտ­րո­նում գտն­վող անց­քից, բարձ­րա­ցավ, թռավ ազատ ու թեթև, այն­տեղ, ուր կտու­րին նս­տած էր Հով­հան­նե­սի գի­տակ­ցու­թյու­նը. արևը չէր վա­ռում, հա­մա­կերպ­վել էր:


Կանգ առանք մի նարն­ջա­գույն դռան մոտ, որի վրա եր­կու պա­տու­հան կար: «Հա­սանք, բա­լիկս, դե գնա»: Ներս մտանք. այդ ժա­մա­նակ դեռ դռ­նե­րը չէ­ին կող­պում: Փե­սա Հով­հան­նե­սը նս­տած էր թախ­տին, մի ոտ­քը ծա­լած, դեմ­քով դե­պի դու­ռը: Բան չա­սաց, աչ­քե­րը փայ­լե­ցին: Իս­կույն վա­զե­ցի նրա մոտ, գիրկն ըն­կա ու այդ պա­հին էլ հաս­կա­ցա, որ ուղ­ղա­թի­ռը տանն եմ մո­ռա­ցել: Ադի­բու­դի պա­պի­կը ձեռքս վերց­րեց իր ափի մեջ, մյուս ձեռ­քով մեր գաղտ­նի­քից մի քա­նի հա­տիկ տե­ղադ­րեց և փա­կեց ափը: Հայ­րիկս ժպ­տում էր: Մե­քե­նա­յի ձայն լս­վեց: Դռան պա­տու­հա­նից երևաց մի բարձ­րա­հա­սակ մարդ. Հա­րութն էր: Ինձ բա­ցատ­րե­ցին, որ Հա­րու­թը իր տղան է: Այդ փաս­տը դժ­վար ըն­կա­լե­ցի: Իմ հե­քի­ա­թում Ադի­բու­դի պա­պի­կը մի­այն ինձ հա­մար էր: Հե­տո այդ Հա­րու­թի մե­քե­նա­յի վրա անի­մաստ մեր տան շախ­մա­տի քա­ռա­կու­սի­նե­րից էր նկար­ված: Այդ դռան վրա ոնց պի­տի զին­վո­րիկ շա­րես. սխալ բա­ներ են: Այ­գու կող­մից ներս մտավ գլ­խաշ­ո­րով մի «բո­յով» տա­տիկ, ու հի­մա էլ ասա­ցին, որի ին­քը Ադի­բու­դի պա­պի­կի կինն է: Տես­նե­լով իմ խո­ժոռ հա­յաց­քը, մե­ծե­րը ծի­ծա­ղում էին: Վերջ­նա­կա­նա­պես շփոթ­ված, լուռ հա­րմար­վե­ցի ու նս­տե­ցի դի­մա­ցի պա­տի փոք­րիկ աթո­ռա­կին: Մեծ, ան­ծա­նոթ մար­դիկ շա­տա­ցան: «Բո­յով» տա­տի­կը սե­ղան գցեց: Տղա­մար­դիկ բարձր խո­սում էին: Փե­սա Հով­հան­նե­սի աչ­քե­րը ժպ­տում էին, եր­բեմն իմ կողմն էր նա­յում: Ինքն էլ էր հա­ճե­լի շփո­թու­թյան մեջ: Ու­զում էի լաց լի­նել, ու գնա­ցի այ­գի, որ չտես­նեն:


Հով­հան­նե­սի գի­տակ­ցու­թյու­նը վե­րա­դար­ձավ: Բե­րա­նում հո­ղի համ զգաց: Փոր­ձեց կանգ­նել, մար­մինն այր­վում էր ու սաս­տիկ ցա­վում: Կող­քին ըն­կած էր Կի­րա­կո­սը, գլ­խի մի մա­սը ներս էր ըն­կել: Մար­մի­նը կա­պույտ և սև էր ներկ­վել: Նույ­նիսկ մե­ռա­ծին էին պղ­ծել: Տղա Կի­րա­կո­սից էլ էր մաս պա­կա­սել: Կա­նաչ ճան­ճե­րը, կտ­րուկ, նյար­դա­յին թռիչք­նե­րով, բզ­զա­լով հոշ­ո­տում էին մար­մի­նը…


Կես տա­րի էր ան­ցել այն օրից, երբ Յուզ­բաշ­ին իր հետ վրան բե­րեց Սա­թե­նի­կին: Սա­թե­նի­կը 35 տա­րե­կան կին էր և ամեն տե­սակ գործ անել գի­տեր, նաև հաս­կա­նում էր երե­խա­յի լա­ցի պատ­ճա­ռը: Ի տար­բե­րու­թյուն այս­տեղ գտն­վող բո­լոր կա­նանց, նա իրա­վունք ու­ներ մո­տա­կա գյուղ այ­ցե­լել: Սա­թե­նիկն ամեն բան գի­տեր, և նրան էլ գի­տե­ին բո­լո­րը: Հի­մա Յուզ­բաշ­ին էլ հա­ճախ չէր ան­հանգս­տաց­նում Եղի­սա­բե­թին: Հիմ­նա­կա­նում մտազ­բաղ էր: Թեյ էր խմում և վե­րա­ցած հա­յաց­քով հետևում, թե ինչ­պես է Եղի­սա­բե­թը գուր­գու­րում իր բա­լի­կին: Նրա դեմ­քը հի­մա շող­շո­ղում էր: «Գառ­նուկս»,- ասում էր Եղի­սա­բե­թը` համ­բու­րե­լով ման­չու­կի թա­թիկ­ներն ու տո­տիկ­նե­րը: Ման­չուկն էլ ու­սում­նա­սի­րե­լով նրան, ամուր բռ­նում էր մոր շա­գա­նա­կա­գույն մա­զե­րը: Մայ­րը գր­կեց նրան ու կրծ­քին մոտ տա­րավ: Ման­չու­կը կա­թի հոտն առ­նե­լով, արա­գո­րեն գլու­խը աջ և ձախ շար­ժե­լով, շո­րի վրա­յից բռ­նեց պտու­կը: Եղի­սա­բե­թը ար­ձա­կեց կո­ճա­կը: Յուզ­բաշ­ին դուրս եկավ:

Քիչ անց ման­չու­կի շն­չա­ռու­թյու­նը հան­դարտվեց, նա կշ­տա­ցավ ու նո­րից ու­սում­նա­սի­րում էր մոր դեմ­քը, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ինչ-որ բան կար­ծես հիշ­ե­լով վե­րա­դառ­նում իր գոր­ծին, արագ- արագ կուլ տա­լիս կե­նա­րար հե­ղու­կը: Սա­թե­նի­կը մոտ նս­տեց ու ցածր ձայ­նով շշն­ջաց. «Լսի, ինչ եմ ասում. թե կու­զես, մեր հետ կգաս, ասում են ռուս­ները հա­յի հետ նո­րից Էրզ­րում են մտել, էս գիշ­եր փախ­չում ենք»: Եղի­սա­բե­թի սիր­տը թրթ­ռաց, արագ խփեց, և այդ ճնշ­ման ու­ժով տաք կա­թը լց­վեց ման­չու­կի բե­րա­նը: Երե­խան ցնց­վեց ու լաց եղավ:


Այ­գու ծայ­րը չէր երևում: Խաղո­ղի տերևնե­րի արան­քից թափ­վում էին արևի շո­ղե­րը: Գլուխս բարձր էի պա­հում, որ ար­ցունք­ներս ետ քաշ­վեն: Հա­յացքս որ­սաց խա­ղո­ղի որ­թից կախ­ված մուգ կա­նաչ ձե­թի շի­շը, մո­տե­ցա, ու­սում­նա­սի­րե­ցի: Շշի հա­տա­կին, հե­ղու­կի մեջ, ան­շարժ փակ աչ­քե­րով ու կարճ­լիկ պո­չիկ­նե­րով ինչ-որ կեն­դա­նու ձա­գեր էին: Ինձ թվաց ողջ են, բայց կաս­կածն ու տագ­նա­պը խո­րա­ցավ, մնա­ցի տե­ղում սա­ռած:


Քայ­լե­լը դժ­վար էր, բայց Հով­հան­նե­սը ցավ չէր զգում, ոչինչ էլ չէր զգում բա­ցի մարմ­նի տհաճ այ­րո­ցից: Սիր­տը կար­ծես եփ­ված լի­ներ: Մտ­քում մի բան էր… «ու Կի­րա­կո­սի տե­ղը»…

-Կանգ­նի:

Հով­հան­նե­սը դան­դաղ շրջ­վեց: Թվանքն ու­սին կանգ­նա­ծը իրե­նից տա­րի­քով մեծ չէր, բայց հա­յաց­քը ձայ­նի նման խիստ էր ու վս­տահ: Իրար նա­յե­ցին: Ան­ծա­նո­թի դեմ­քը փոխ­վեց, ձեռ­քը տա­րավ դե­պի ճա­կա­տը, փա­փա­խը ետ քաշ­ե­լով սր­բեց ճա­կա­տին վայր­կե­նա­կան դուրս տված քր­տին­քը:

-Ս­պա­սի:

Այս ան­գամ ցածր ձայ­նով կրկ­նեց ու ին­քը մո­տե­ցավ Հով­հան­նե­սին: Դա­ռը հա­յաց­քով կողք նա­յեց: Հով­հան­նե­սը գլու­խը կա­խեց: Վրան ճղճղ­ված շա­պիկն էր ու էլ ոչինչ, բա­ցի սար­սա­փե­լի նոր պար­տադր­ված ճա­կա­տագ­րից: Այ, հի­մա ցա­վը ծնկ­նե­րից դան­դաղ բարձ­րա­ցավ, խփեց գոտ­կա­տե­ղին, այն­տե­ղից սլա­ցավ ու խր­վեց գլ­խի կենտ­րո­նում: Կո­կոր­դը սեղմ­վեց: Հով­հան­նե­սը ձեռ­քե­րով փա­կեց երե­սը:

-Ես Վար­դանն եմ, անունդ ի՞նչ է:
-Հով­հան­նես,- դժ­վա­րու­թյամբ ար­տա­բե­րեց կտր­ված ձայ­նով տղան: Ու այդ­պես էլ դեմ­քը ձեռ­քե­րով փա­կած հեն­վեց Վար­դա­նի ու­սին: Մնա­ցին կանգ­նած:


Ինչ­քան էլ հա­մո­զում էր Սա­թե­նի­կը թող­նել երե­խա­յին, Եղի­սա­բե­թը չէր հա­մա­ձայ­նում: Նա էլ շատ չպնդեց. եր­կի­մաստ ասաց.

-Դու գի­տես,- ու մի տե­սակ նա­յեց Եղի­սա­բե­թին:

Ճա­նա­պար­հին Եղո­յի հետ կարճ ու եր­կար զրույ­ցի բռն­վող կա­նանց բո­լո­րի վեր­ջա­կետն էլ այդ նույն հա­յացքն էր:

-Ա՜յ ախ­չի, բա որ լա­ցի: Թուր­քը մեր տե­ղը կի­մա­նա ու բո­լո­րիս կկո­տո­րի:
-Ես չեմ թո­ղի, որ լա­ցի, ես չեմ քնի,- մի­ա­տոն ամեն ան­գամ կրկ­նում էր Եղի­սա­բեթն ու ավե­լի ամուր գր­կում ման­չու­կին:
-Ախր շատ բան կա, դու չես իմա­նում:
-Ի­մա­նում եմ: Ին­քը իմն ա:

Եր­կար, ձանձ­րա­լի բա­ցատ­րու­թյուն­նե­րը, եր­կար ու սար­սա­փով լի փա­խուս­տի ճա­նա­պար­հին մի օր կտ­րուկ դա­դա­րե­ցին, մնաց մի­այն այն հա­յաց­քը, որից Եղի­սա­բե­թի կուրծ­քը նվ­աց: Դրան հա­ջոր­դե­ցին նո­րից ան­հան­գիստ ան­քուն գիշ­եր­նե­րը:

Արևը տա­քաց­րեց Եղի­սա­բե­թի ու­սը: Վեր թռավ, նա­յեց կող­քե­րը, բո­լորն էլ ան­տար­բեր էին, երե­խան լուռ էր ու ան­շարժ: Ու հի­մա Եղոն մտա­բե­րեց, որ գիշ­երն էլ չէր լա­ցել: Եղի­սա­բե­թը մեջ­քով զգաց իր վրա ուղղ­ված հա­յացք­նե­րը:

-Գառս,- ձգեց Եղի­սա­բե­թը ու նա­յեց ամեն բան իմա­ցող Սա­թե­նի­կին:
-Գիշ­երն ա խեղդ­վել,- վա­խե­ցած ետ քաշ­վեց Սա­թե­նի­կը,-ես քեզ ասում էի, դու ես մե­ղա­վոր,- ու փա­խավ:


-Էդ ի՞նչ ես նա­յում,- հարց­րեց Ադի­բու­դի պա­պի­կը: Մատ­նա­ցույց անե­լով շիշ­ը: Վա­խե­ցած հարց­րի` «Բայց իրանք քնած են, չէ՞»: Պա­պի­կի դեմ­քը փոխ­վեց: «Եղի­սա­բեթ»,- կան­չեց խիստ ծվծ­վան ձայ­նով: «Բո­յով» տա­տի­կը մո­տե­ցավ, ինչ-որ բան խո­սե­ցին: Ադի­բու­դի պա­պի­կը բռ­նեց ձեռքս ու ասաց, թե գնում ենք ինձ հա­մար խն­ձոր քա­ղենք: Տա­տիկն էլ արագ, ինքն իրեն նա­խա­տե­լով ներս գնաց: Վե­րա­դար­ձանք այ­գու մյուս կող­մից: Նա­յե­ցի, սար­սա­փե­լի շիշ­ը ան­հե­տա­ցել էր: Խնձո­րը ձեռ­քիս վա­զե­ցի հայ­րի­կիս մոտ:


Փր­կու­թյան ճա­նա­պար­հը բռ­նած կա­նայք խու­սա­փում էին Եղի­սա­բե­թի կող­մը նա­յել: Ան­ժամ­կետ ցե­րեկն ու գիշ­ե­րը հա­ջոր­դում էին իրար, ոչինչ չա­սե­լով: Եր­բեմն հանգս­տի պա­հին հայտն­վում էր Սա­թե­նի­կը, մոտ նս­տում, թվար­կե­լով մատ­նա­ցույց անում տար­բեր կա­նանց, ու դա­ռը պատ­մու­թյուն­ներ պատ­մում նրանց երե­խա­նե­րի կար­ճատև ճա­կա­տագ­րե­րից: -Օվ­սա­նը…­Լու­սի­կը…­Սի­րա­նույ­շը… Ազ­նի­վը…. Քն­քույ­շը…

Այդ ժա­մա­նակ Եղի­սա­բե­թի ականջ­նե­րի մեջ ֆս­սոց էր առա­ջա­նում ու էլ բան չէր լսում: Երե­սը թե­քեց լույ­սի կող­մը, աչ­քե­րը փակ նա­յեց արևին: Պայ­ծառ, կար­միր գույն էր տես­նում: Փր­կու­թյան գույնն էլ ան­փո­փոխ կար­միր էր:

Ֆս­սո­ցը դա­դա­րեց, դրան հա­ջոր­դեց հա­ճե­լի մի զգա­ցում, ինչ-որ մե­կը շո­յեց նրա գլուխն ու մա­զե­րը: Ճա­կա­տի մեջ­տե­ղում ան­վերջ ցա­վը թո­ղեց, բայց աչ­քե­րը չէր բա­ցում:

– Իս­կը մեր մոր` Մա­րի­ա­մի մա­զերն են,- ասաց Հա­կո­բը Վար­դա­նին:
-Ես էլ մտա­ծե­ցի,- պա­տաս­խա­նեց Վար­դա­նը` շո­յե­լով Եղի­սա­բե­թի մա­զե­րը: Արևը թեք­վեց, լու­սա­վո­րե­լով Մշո Սուրբ Կա­րա­պե­տի գմ­բե­թը:

Տա­րօ­րի­նակ տե­սա­րան բաց­վեց: Ջո­կա­տի տղա­նե­րը, ով կանգ­նած, ով նս­տած, ժա­մա­նակ առ ժա­մա­նակ քա­րա­նում էին փայ­տե արկ­ղի առաջ, որի կող­քից պայ­թյու­նով ծուխ էր բարձ­րա­նում: Դրա­նից հե­տո զին­վոր­նե­րը մի պահ աշ­խույժ խո­սում էին, ծի­ծա­ղում, տե­ղե­րով փոխ­վում ու նո­րից ան­շարժ կանգ­նում: Նրան­ցից մե­կը կան­չեց.

-Վար­դա՛ն, մո՛տ եկեք:

Փայ­տե արկ­ղի ետևում կանգ­նած մարդն ան­հաս­կա­նա­լի բա­ռե­րով ու ձեռ­քե­րը սև շո­րի տա­կից աջ ու ձախ տա­նե­լով կա­ռա­վա­րում էր նրանց: «Անգ­լի­ա­ցի է», բա­ցատ­րեց Հա­կո­բը Եղի­սա­բե­թին: «Անգ­լի­ա­ցին իմա­նո՞ւմ ես»: Մի բե­ղա­վոր էլ հարց­րեց.

-Ո՞ւմ եք բե­րել:
-Իմ քու­րա­ցուն ա:

Եղի­սա­բե­թը շփոթ­ված նս­տեց քա­րին: Նրան մո­տե­ցավ կա­պույտ աչ­քե­րով մի շեկ տղա, բռ­նեց Եղո­յի ձեռ­քը` բա­ցեց ափը, բո­ված ցո­րե­նի հա­տիկ­ներ լց­րեց ու ափը փա­կեց: Հե­տո արագ ուղ­ղեց Եղո­յի ծռ­ված փեշն ու քաշ­ված ձայ­նով ասաց.

-Ես էլ Հով­հան­նեսն եմ:

Ցո­րե­նի հա­տի­կը վեր գցեց ու բե­րա­նով բռ­նեց: Եղոն ծի­ծա­ղեց: Հա­կոբն ու Վար­դա­նը հեռ­վում կանգ­նած ծի­ծա­ղե­ցին: Վար­դա­նը մա­տը թափ տվեց, իբր սաս­տում է. «Ա՜յ Պո­ղոս Պետ­րոս»:

Երբ Ս. Կա­րա­պե­տի դռ­նե­րից դուրս եկան, Վար­դա­նը համ­բու­րեց նո­րա­թուխ «քրոջ» ճա­կատն ու ասաց. «Էլ ան­ցավ, բան չկա, չլա­ցես: Իմա­ցա՞ր»:


Մի օր պատ­մե­ցին, թե Հա­րու­թի հար­սա­նի­քին, երբ ծնող­նե­րի կե­նա­ցը առա­ջար­կե­ցին, ոտ­քի ելան նրա ար­յու­նա­կից ծնող­նե­րը, բայց Հա­րու­թը վերց­րեց բա­ժա­կը, մո­տե­ցավ Հով­հան­նե­սին ու Եղի­սա­բե­թին և ասաց.

-Դուք եք իմ ծնող­նե­րը:


Տուն էինք վե­րա­դառ­նում: Լու­սինն այս ան­գամ կլոր էր ու կլ­պած ձվի նման. «Ու­րեմն արևն էլ դեղ­նուցն է»,- մտա­ծե­ցի: Ուր գնում էինք, լու­սի­նը մեր ետևից էր գա­լիս: Չդի­մա­ցա ու հարց­րի հայ­րի­կիս, թե ին­չու է էդ­պես: Կանգ առանք, լու­սինն էլ սպա­սեց: Շարժ­վե­ցինք` եկավ մեզ հետ: Հայ­րիկս փոր­ձեց բա­ցատ­րել.

-Լու­սի­նը մեծ է, դրա հա­մար էլ էդ­պես է:
-Բայց անց­յալ ան­գամ, երբ տուն էինք վե­րա­դառ­նում, չէ՞ որ ին­քը փոքր էր:
-Բ­նու­թյան օրենք է,- պա­տաս­խա­նեց հայ­րիկս:

Ես չհաս­կա­ցա ինչ բան է այդ բնու­թյան օրեն­քը, բայց գի­տե­ի, որ ու­զում եմ ես էլ լուս­նի պես արագ մե­ծա­նամ: Ինչ-որ բան խառն­վեց իմ ներ­սում:

-Իսկ լու­սի­նը հայ­րիկ ու­նի՞:
-Ի­հար­կե ու­նի, բա ոնց, բա­լիկս:

Սիրտս տեղն ըն­կավ ու մտո­վի թույլ տվե­ցի, որ լու­սի­նը մեզ ու­ղեկ­ցի:

Գիշ­երն արթ­նա­ցա տա­տի­կիս ձայ­նից: Ախ էր քաշ­ում: Վեր­մա­կով ինձ ծած­կեց, ինքն էլ մի ձեռ­քը դրեց մեջ­քի ետևում ու էդ­պես ետու­ա­ռաջ էր անում սեն­յա­կի մեջ­տե­ղում: Գիշ­ե­րը ամեն ինչ սև-ս­պի­տակ էր ներկ­վել: Տա­տիկս էլ լուս­նի նման չէր քնել: Երբ արթ­նա­ցա, գույ­նե­րը վե­րա­դար­ձել էին, մի­այն պա­տից կախ­ված պա­պի­կի նկարն էր սև-ս­պի­տակ մնա­ցել: Այ­տե­րին եր­կու խոր կն­ճիռ ու­ներ, ճա­կա­տը լայն էր, հա­յաց­քը բա­րի: Արեք­նազ տա­տիկս սան­րեց ու հյու­սեց մա­զե­րը, կա­պեց սկզ­բում սև, հե­տո կա­նաչ գլխա­շո­րը, ուղ­ղեց բար­ձը ու նո­րից պառ­կեց: Հա­յաց­քը լու­սա­մու­տից գնաց դե­պի նկա­րը` այն­տե­ղից մեզ էր նա­յում բնու­թյան օրեն­քի հա­մա­ձայն դի­մագ­ծե­րը խիստ, սիր­տը բա­րի, Կա­րա­պե­տի և Մա­րի­ա­մի որ­դի Անդ­րա­նիկ Զո­րա­վա­րի զին­վոր լու­սա­հո­գի Վար­դան պա­պիկս:
Սեն­յա­կի սպի­տակ դու­ռը բաց­վեց, ու ներս մտավ եր­կար ճա­նա­պարհ կտ­րած Վիկ­տոր­յա հո­րա­քույ­րը…