October 24, 2020

Այս պահին խուզարկում են Գագիկ Խաչատրյանի որդիների գրասենյակները, նրանց բնակարանները. պաշտպանը մանրամասնում է

Այս պահին Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված «Գալաքսի» խմբի ընկերություններում, գրասենյակներում, Խաչատրյանների բնակարաններում միաժամանակյա խուզարկություններ են տեղի ունենում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց Գագիկ եւ Գուրգեն Խաչատրյանների պաշտպան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ որոշմանը դեռ չի ծանոթացել, քանի որ դատական նիստի էր, դրանով փաստաբանական խմբի մյուս անդամներն են զբաղվում, սակայն որքանով ինքը տեղյակ է, փնտրում են որոշակի փաստաթղթեր, առարկաներ. «Պատկերացրեք ՝ քրեական գործը հարուցվել է 2019 թվականի փետրվարին, այդ ժամանակ արդեն մեկ անգամ խուզարկություն եղել է, եւ այսօր՝ մեկ տարի եւ ամիսներ անց, հանկարծ որոշում է կայացվում նման ծավալի խուզարկություն կատարել այն դեպքում, երբ խուզարկությունը քննության սկզբում է արվում»: Սարգսյանի խոսքով՝ այն ժամանակ տեղի ունեցած խուզարկության ժամանակ առգրավել են ինչ-որ փաստաթղթեր, առարկաներ, որոնք, ըստ իրենց, որեւէ էական նշանակություն չեն ունեցել. «Անգամ որսորդական օրինական զենք են առգրավել, որ մինչ հիմա չեն վերադարձրել»: Այս պահին առգրավման որոշում կա թե ոչ՝ պաշտպանը չէր հասցրել ճշտել:

Հիշեցնենք՝ այսօր պարզ դարձավ, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է: Նախկին՝ յուրացման օժանդակության մեղադրանքից բացի նրան նոր մեղադրանքներ են առաջադրվել նաեւ փողերի լվացման եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Մեր զրույցում Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանին: Այսօրվա նիստը կայացել է, սակայն նյութերին ծանոթանալու համար պաշտպանը միջնորդել է հետաձգել, ինչը բավարարվել է: Քանի որ միջնորդության բուն քննություն չի եղել, Գուրգեն Խաչատրյանը նիստին չի մասնակցել, սակայն պաշտպանի խոսքով՝ նա Հայաստանում է:

Ինչ վերաբերում է լրացված մեղադրանքին, Երեմ Սարգսյանն ասաց, որ այն ակնհայտ անհիմն է. «Յուրացման օժանդակության մեղադրանքին շարունակություն է տրվել փողերի լվացման հոդվածով, իբր յուրացված գումարը օրինականացվել է, ավելացվել է նաեւ կաշառք ստանալուն օժանդակելու հոդված, որը վերաբերում է Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ  եղած հրապարակումներին»: Սարգսյանի խոսքով՝ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքում է անգամ գրված, որ նրանց միջեւ կնքվել է փոխառության պայմանագիր, որը երկարաձգվել է. «Այսինքն՝ քաղաքացիաիրավական գործ է, ընդ որում, ներկայացնում են, որ դա եղել է Գուրգեն Խաչատրյանի եւ Սեդրակ Առուստամյանի միջեւ, այլ ոչ թե պաշտոնատար անձի՝ Գագիկ Խաչատրյանի: Հիմա Գուրգեն Խաչատրյանը ունի պարտավորություն, նա պետք է մարի այդ փոխառության գումարը, երբ որ տեսել է, որ սահմանված ժամկետի մեջ չի տեղավորվում, որովհետեւ դա բիզնես գործունեության մեջ ներառված գումար էր, երկարաձգման պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքով սահմանված կարգով: Հիմա հարց է ծագում. եթե պայմանավորվածության ավարտին Սեդրակ Առուստամյանին այս գումարը վերադարձվի, այդ ժամանակ վարույթն իրականացնող մարմինը ո՞նց է մեկնաբանելու, իրենք արդեն մտածում են, թե չի վերադարձվելու, սա ոչ այլ ինչ է, քան ֆանտազիա, որը չգիտես՝ ում միտքն է, ոնց է ձեւավորվել»: Սարգսյանը նշեց՝ եթե գումարը վերադարձված չլիներ եւ պայմանագրի ժամկետներն անցած լինեին, իրենք ոչինչ ասել չէին կարողանա, բայց սա այլ իրավիճակ է: Թե ըստ պայմանավորվածության երբ պետք է վերադարձվեն գումարները, պաշտպանը չգիտեր, ասաց՝ փոխառության պայմանագիրը դեռեւս իրեն չի ներկայացվել. «Բայց այդ երկարաձգումը հիմա չի եղել, այսինքն՝ սովորական ընթացքով երկու բիզնեսների միջեւ կատարված գործարք է, ենթադրվում է, որ եթե Գուրգեն Խաչատրյանը այլ անձանցից էլ վերցրած լինի փոխառություն, որը վերադարձրած չլինի, ուրեմն՝ դրա՞նք էլ են կաշառք, որովհետեւ Գագիկ Խաչատրյանը եղել է ՊԵԿ նախագահ կամ Ֆինանսների նախարար, իսկ մյուս տնտեսվարողը կարող էր ՊԵԿ-ի հետ խնդիրներ ունենալ, այս տրամաբանությունն է, ինչը աբսուրդ է»:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ այս իրադարձությունների զարգացումը եղավ այն բանից հետո, երբ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն արեց՝ կապված Ucom ընկերության հետ: Նա, մասնավորապես, ասել էր, որ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով օտարման պահանջ է եղել, հակառակ դեպքում սպառնացել են, որ կլինեն առավել ծանր մեղադրանքներ եւ կալանավորում. «Եւ դրանից անմիջապես հետո՝ երեկ երեկոյան, նրան տրամադրվեց ծանուցում ներկայանալու վարույթն իրականացնող մարմին, որից հետո առավել ծանր հոդվածներով, ակնհայտ անհիմն մեղադրանքներ առաջադրվեցին ինչ-որ ենթադրական գործողությունների հիման վրա»: Սարգսյանի խոսքով՝ այս իրողությունը եկավ փաստելու, որ այն, ինչ Գուրգեն Խաչատրյանը հայտարարում էր, իրականություն էր. «Դա չհերքվեց էլ, հետեւաբար, այս անօրինականությունների շարքը գնահատում ենք բացարձակ ճնշում Խաչատրյանների վրա՝ ինչ նպատակով էլ որ լինի, այսինքն՝ եթե սա քողարկվում է իբր բարի նպատակներով, ասեմ, որ օրինականությանը չհամապատասխանող ցանկացած գործողություն այլեւս չի կարող քողարկվել «բարի» նպատակներով»: Հարցին՝ ծանուցում ստանալուց հետո Գուրգեն Խաչատրյանը ներկայացե՞լ է, նոր մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տվե՞լ է, պաշտպանը չցանկացավ այս պահին պատասխանել: Նաեւ այլ մանրամասներ չհայտնեց Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի կարգավիճակից: Նշենք, որ ավելի վաղ նա մեզ ասել էր, որ իրեն հասած տեղեկությունների համաձայն՝ Արտյոմ Խաչատրյանն ունի կասկածյալի կարգավիճակ: Նա այժմ գտնվում է արտերկրում. Սարգսյանի խոսքով՝ Արտյոմ Խաչատրյանն արտերկիր է մեկնել բիզնես գործունեության նպատակով, եւ կորոնավիրուսով պայմանավորված սահմանների փակ լինելու պատճառով չի կարողանում վերադառնալ Հայաստան:

Հիշեցնենք՝ օրերս «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք առաջադրվեց 2011 թվականին ՊԵԿ նախագահի, ապա՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած անձին առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 22 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք տալու համար: Այդ թվականին հիշյալ պաշտոններին եղել է հենց Գագիկ Խաչատրյանը: Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ Առուստամյանը պաշտոնատար անձի որդիների միջոցով նրան տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք՝ ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար. «Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած և նրանց հետ փոխկապակցված՝ արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է  փոխառության 2 պայմանագրեր»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Գուրգեն Խաչատրյանը

Աղբյուրը ՝ https://www.armtimes.com/hy/article/186901?fbclid=IwAR35dsXasmWHShc-oblZPgCHPu-Rx74xy0sagX34_6qtk4bswKZ0ZZam96Y